Trend-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը վաղ թե ուշ պետք է կարգավորվի, խաղաղ ու բանակցային ճանապարհով: Մամեդովի խոսքով՝ շփման գծում ապրիլյան վերջին իրադարձությունները հերթական անգամ գրավեցին միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների ուշադրությունը և ցույց տվեցին, որ դա սառեցված հակամարտություն չէ: «Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում կարծիք է ձևավորվել, որ անհրաժեշտ է ուշադիր լինել տվյալ հակամարտության հանդեպ, եկել է դրա լուծմանը հասնելու ժամանակը»,- ասել է Մամեդովը: Մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Մամեդովը հայտարարել է. «Ադրբեջանը ցանկանում է միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում հակամարտության արդար կարգավորում: Այդ պատճառով էլ մենք նախապատվություն ենք տալիս բանակցություններին ու խաղաղ կարգավորմանը»:
Մեկնաբանելով Վիեննայի հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հարցը՝ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանն այդ կապակցությամբ հայտնել է պաշտոնական դիրքորոշումը. «Այստեղ հիմնական գաղափարը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է: Դրա հետ կապված՝ եղել են մի շարք առաջարկներ, որոնցից մեկը մոնիթորինգի անցկացման համար ԵԱՀԿ ներկայացուցչի մանդատի ընդլայնումն է: Մենք ասացինք, որ ընդունում ենք համանախագահող երկրների այդ առաջարկները և դեմ չենք այդ առաջարկներին»: Մամեդովը հավելել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մինչ այս էլ ունեցել է դիտարկում անցկացնելու հնարավորություն. «Եթե անհրաժեշտ է անցկացնել դիտարկում՝ թող լինի, մենք չենք առարկում, եթե կա որոշակի ընդլայնման հնարավորություն՝ թող ընդլայնվեն (լիազորությունները)»: Անցած շաբաթ՝ Վիեննայի հանդիպումից հետո, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման մասին համանախագահների հայտարարությունը՝ Մամեդովը հայտարարել էր. «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների հարցում չեն կարող լինել էական փոփոխություններ: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել»: